Աղթալա համայնքում կայացած հանդիպման արդյունքների հաշվետվություն

24.08.2016

Հաղորդում

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությունում արձանագրված իրավախախտումների և Ախթալա համայնքի բնապահպանական խնդիրների իրավական ասպեկտների առնչությամբ «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի համատեղ քննարկումների արդյունքների մասին

 

            «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ախթալա համայնքում 2016 թ. օգոստոսի 18-ին տեղի ունեցավ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությունում արձանագրված իրավախախտումների և Ախթալա համայնքի բնապահպանական խնդիրների իրավական ասպեկտների առնչությամբ համատեղ քննարկում, որին մասնակցումէին համայնքի քաղաքացիական հասարակության ակտիվիստները, նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և Ախթալա համայնքի քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցներ:

            Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության 2007թ. մարտի 20-ի հ. ԲՓ-31 փորձաքննական եզրակացության իրավական նշանակությունը, արժեքը, բողոքարկման եղանակները:

            2. Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները և դրանց նկատմամբ հսկողության իրավական միջոցները:

            3. ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով ամրագրված օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների իրավական նշանակությունը, դրանք խախտելու իրավական հետևանքները (այդ թվում՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագծի համատեքստում):

            4. Տեսչական ստուգումների արդյունքների հրապարակման և իրազեկման ընթացակարգերը, դրանք պահանջելու իրավական կարգերը և սահմանված պատասխանատվությունը:

            5. Վարչարարության արդի իրավական հարցադրումները:

            Միաժամանակ, Ախթալա համայնքի քաղաքապետի խնդրանքով օրակարգում ներառվեց նաև Ախթալա համայնքին բնապահպանական վճարներից մասհանումներ կատարելու գործընթացը դադարեցնելու իրավաչափության հարցադրումը:

            Հանդիպման ընթացքում, հանգամանալից քննարկման նյութ դարձավ, հատկապես, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության իրավական նշանակության հարցադրումը: Մասնավորապես, քննարկվեց այն հարցը, թե իրավական հարթությամբ ինչպես պետք է արձագանքել, եթե՝ ա) փորձաքննական եզրակացությունը կազմվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, բ) եթե իրավաչափ փորձաքննական եզրակացությանը հաջորդում են նոր ի հայտ եկած էկոլոգիական խնդիրներ: Այլ կերպ ասած, երկրորդ դեպքում քննարկվում էր այն իրավիճակը, երբ սկզբունքորեն փորձագիտական եզրակացությունը կարող է հիմնավորված գնահատվել, սակայն ընթացքում ի հայտ են գալիս նոր էկոլոգիական խնդիրներ:

            Փորձագետ Գ. Դանիելյանի կողմից պարզաբանում տրվեց այն մասին, որ փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը ամրագրված են օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով՝

     «Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի եւ փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.

2) փորձաքննության ենթարկված նախագծային եւ հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ` առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու.

3) սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված պայմանները չեն կատարվել սահմանված ժամկետներում.

4) ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն.

5) փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ»:

     Այս օրենսդրական նորմից բխում է, որ փորձաքննական եզրակացությունը կարող է անվավեր ճանաչվել, եթե խախտվում է այն կազմելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգը, ինչպես նաև, եթե ի հայտ են գալիս նոր էկոլոգիական խնդիրներ, որոնք արտացոլված չեն փորձաքննական եզրակացությամբ: Վերջին դեպքում, հարկ է նկատի ունենալ, որ շրջակա միջավայրի վիճակի եւ (կամ) բնապահպանության բնագավառը կանոնակարգող օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների փոփոխման դեպքում լիազոր մարմինը ձեռնարկողին ծանուցում է բնապահպանական նոր պայմանների եւ դրանց իրականացման ժամկետների վերաբերյալ: Ծանուցումը ստանալուց հետո ձեռնարկողի` սահմանված ժամկետում այդ պայմանները չկատարելու դեպքում լիազոր մարմինը ուժը կորցրած է ճանաչում իր տված փորձաքննական եզրակացությունը:

Այսպիսով, փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե լիազոր մարմինը ծանուցում է նոր երևան եկած հանգամանքների մասին, սահմանում է ողջամիտ ժամկետ դրանք վերացնելու համար, սակայն այդ ժամկետում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում:

     Քննարկվեց այն հարցը, որ նպատակահարմար չէ փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչել դատական կարգով: Մասնավորապես, դատական պրատիկան դեռևս հակված չէ փորձաքննական եզրակացությունը որպես վարչական ակտ դիտարկելու, ինչի արդյունքում այդպիսի հայցերը վերադարձվում են:

     Առավել արդյունավետ եղենակ է վարչական կարգով դիմել լիազոր մարմնին՝ նշված հիմքերից որևէ մեկով, որը առկա կլինի տվյալ իրավիճակում, ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը: Ընդ որում, լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված հիմքերով ու նախատեսված կարգով որոշում չկայացնելու կամ անհիմն որոշում կայացնելու դեպքում արդեն կարող է վիճարկվել լիազոր մարմնի անհիմն վարչական ակտը կամ անգործությունը:

     Տեսչական ստուգումների մասին ակտերը կամ տեղեկանքները ենթակա են հրապարակման, դրանք չեն կարող համարվել պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք բովանդակող փաստաթղթեր: Եթե դրանցում, այնումամենայնիվ, կան այդպիսի տվյալներ, ապա դա ևս խոչընդոտ չէ, դրանք մասնակի հրապարակելու համար՝ այն մասով, որը վերաբերում է արձանագրված խախտումներին, սակայն չեն առնչվում օրենքով պաշտպանվող գաղտնիքի հետ:

     Ինչ վերաբերում է օգտակար հանածոների արդյունահանման նախագծի իրավական նշանակությանը, ապա ընդգծվեց, որ ըստ գործող օրենսդրության (ՀՀ ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 49-րդ հոդված) օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով դիմումին հարկ է կցել նաև  օգտակար հանածոների արդյունահանման նախագիծը: Նպատակահարմար համարվեց ընդգծել նաև, որ նշված օրենքի 50-րդ ոհդվածի համաձայն.

«1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի`

1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ եւ շահագործման համակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին եւ ապահովում են հիմնական եւ դրանց ուղեկից օգտակար հանածոների պաշարների ողջամիտ եւ համալիր, տնտեսապես նպատակահարմար եւ բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը, ինչպես նաեւ կառույցների անվտանգ եւ երկարատեւ շահագործումը.

2) նախատեսվող ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ մանրամասներ.   

3) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը.

4) շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը եւ մշտադիտարկումների ծրագրերը.

5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է`  

ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ,

բ. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,

գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ.

6) հեռացվող հողաշերտի եւ զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեստավորումը եւ պահպանությունը.

7) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների եւ նորմերի ապահովումը.

8) խախտված հողերի վերականգնումը»:

Ախթալայի քաղաքապետ պարոն Հայկ Խաչիկյանը բարձրացրեց Ախթալայի համայնքին բնօգտագործման և բնապահպանական վճարներից մասհանումներ չկատարելու իրավաչափության հարցը, ինչի առնչությամբ ներկայացվեց, որ որևէ իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշում չի կայացվել, պարզապես ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց արդյունքներով, ըստ էության, ձևավորվել է խիստ հակասական պրակտիկա, մասնավորապես, խնդրին առնչվող փաստաթղթերի մի մասով նախատեսված են մասհանումներ, մի մասով՝ ոչ:

Այս հարցի առնչությամբ պարզաբանում տրվեց այն կտրվածքով, որ որևէ նախարարություն իրավասու չէ վերջնական որոշում կայացնել, առավել ևս արձանագրային մոտեցում ցուցաբերել բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների վերաբերյալ: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով»: Այսպիսով, խոսքը պետական բյուջեի մասին է, որպիսի պայմաններում խոսք կարող է լինել բացառապես ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի մասին: Եթե օրենքով սահմանված են մասհանումներ, ապա որևէ գերատեսչություն չի կարող անտեսել տոկոսադրույքներ սահմանելու օրենսդրության պահանջը:

Քննարկման արդյունքներով «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն« ՀԿ-ի փորձագետներին փոխանցվեցին քննարկման համար վիճահարույց խնդիրներին առնչվող փաստաթղթերի կրկնօրինակները, և ձեռք բերվեց պայմանավորվածություն այն մասին, որ դրանք հանգամանորեն ուսումնասիրելուց հետո կպատրաստվեն վարչարարություն նախաձեռնելու համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ դիմումներ ու բողոքներ, որոնք էլեկտրոնային կարոգ կփոխանցվեն հասցեատիրոջը: