Արդարադատության մատչելիությունը բնապահպանության ոլորտում

08.12.2014

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատակիցները մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնած աշխատաժողովին, որը միտված էր քննարկելու շրջակա միջավայրի հարցերի շուրջ արդարադատության մատչելիությունը:
Միջոցառման նպատակն էր հնարավորություն ստեղծել ոլորտի մասնագետների համար՝ կիսելու իրենց փորձը, ուրվագծելու մարտահրավերները և առաջարկելու հնարավոր ուղիներ՝ ավելի արդյունավետ իրագործելու Բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղեկատվության, արդարադատության մատչելիության և որոշումների
կայացմանը մասնակցելու մասին Օրհուսի կոնվենցիայի արդարադատության մատչելիության սկզբունքը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքը Օրհուսի կոնվենցիայի իրագործումը խթանելու գործում, մասնավորապես Օրհուս կենտրոնների հիմնադրման միջոցով, կարևորեց նաև ՀՀ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Կարևորելով նմանատիպ միջոցառումներն ու փորձագետների ներգրավումը կոնվենցիայի իրականացման ճանապարհին ծառացած խնդիրների լուծման առումով՝ նա նշեց, որ համակարգը դեռևս բարելավման կարիք ունի: Նա աշխատաժողովի մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անունից:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան, ով ժամանակավոր պատասխանատու է նաև գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերով աշխատանքների համար: Նա կարևորեց Հայաստանում բնապահպանական իրավունքի բարելավմանն ուղղված նմանատիպ համագործակցությունը:

Աշխատաժողովին Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն ՀԿ փորձագետները ներկայացրին Օրհուսի կոնվենցիայում ամրագրված արդարադատության մատչելիության սկզբունքի իրավական երաշխիքները՝ ժամանակակից զարգացումների համատեքստում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու էկոլոգիական իրավունքի պաշտպանության և իրավիճակը բարելավելու հիմնական ուղղությունների մասին փորձագետների կարծիքներին:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց ազգային օրենսդրության այն իրավական գործիքները, որոնք կիրառելի են մարդու իրավունքների պաշտպանության առումով, այդ թվում շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ` միաժամանակ շեշտելով, որ մեր գիտելիքները հաճախ բավարար չեն լինում լուրջ ու հիմնավոր հարցերը պատշաճ բարձրացնելու համար: Պրոֆեսոր Դանիելյանը կարևորեց Օրհուսի կոնվենցիային ազգային օրենսդրության որոշ դրույթների համապատասխանության անհրաժեշտությունը, քանզի չնայած հանրության իրազեկվածության բարձր մակարդակին, կոնվենցիայի պատշաճ իրականացման համար բացակայում են հանրության կարծիքը հաշվի առնելու իրավական գործիքները, ավելին՝ Օրհուսի կոնվենցիայի երրորդ սկզբունքը Հայաստանում չի գործում ընդհանրապես, ինչը բարդություններ է ստեղծում թե՛ կառավարության, թե՛ հանրության համար:

Իրավաբանական գիտությունների թեկնածուներ Անահիտ Մանասյանը և Էդգար Շաթիրյանը ներկայացրեցին Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված գործընթացների վերլուծությունը, միջազգային փորձը, անդրադարձան մեր երկրում կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված անկախ և անկողմնակալ մարմնի սեղծման կարևորությանն ու նախադրյալներին:

Անկախ և անկողմնակալ դատական մարմնի ստեղծման վերաբերյալ Անահիտ Մանասյանի հետ բովանդակալից հարցազրույցը դիտեք հետևյալ հղումով. http://aviplatform.com/media.details.php?mediaID=3432&page=1&&status=all

http://aviplatform.com/media.details.php?mediaID=3432&page=1&&status=all :