Վանաձոր քաղաքում կայացած սեմինար-քննարկման հաշվետվություն

26.08.2016

Հաշվետվություն

Վանաձորում հատված եղևնիների առնչությամբ՝ Վանաձորի Օրհուս կենտրոնում ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի շրջանակում «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն հանդիպման արդյունքների վերաբերյալ

 

2016 թ. օգոստոսի 26-ին, ժամը 11:30-ին, Վանաձորի Օրհուս կենտրոնում   ընթացավ  այդ քաղաքում հատված թվով 6 եղևնիների առնչությամբ իրավասու մարմիններին ահազանգելու իրավական ասպեկտների քննարկումը: Մասնագիտական խորհրդատվությամբ հանդես գալու համար  «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն Վանաձոր էր գործուղել այդ կազմակերպության փորձագետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, ինչպես նաև տնօրեն Համլետ Բատիկյանին:

Կլոր-սեղան ձևաչափով քննարկմանը հրավիրված էին մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և վարչական մարմինների ծառայողներ: Քննարկմանը մասնակցում էր նաև Փաստաբանների պալատի ներկայացուցիչ:

Քննարկման սկզբում ներկաներին իրավիճակի և իրեն հետաքրքրող իրավական հարցադրումների մասին զեկույցով հանդես եկավ Վնաձորի Օրհուս կենտրոնի նախագահ Պերճ Բոժուկյանը: Վերջինս իրազեկեց, որ ս. թ. օգոստոսի 17-ին Վանաձոր քաղաքի «Ազատամարտիկների պուրակ»-ում ապօրինի հատվել են թվով 6 եղևնիներ, որոնցից եկուսը՝ արծաթափայլ: Այդ փաստի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով: Նշված հաղորդման հիման վրա մարզի դատախազությունից հաջորդ օրն իսկ ներկայացել են նշված տարածք և կատարել զննություն: Միաժամանակ, «Օրհուս» կենտրոնի ներկայացուցիչները ձեռք են բերել նախնական մի շարք տվյալներ, որոնք վկայում են այն  մասին, որ տարածքը հանդիսանում են մասնավոր, որը հատկացվել է դեռևս 2000 թվականին: Զեկուցողը տեղեկացրեց, որ իրենք խորհրդակցել են մի շարք իրավագետների հետ, որոնք իրենց բացատրել են, որ մասնավոր տարածքի սեփականատերը իրավասու է անարգել հատել իր տարածքում գտնվող ծառերը: Միաժամանակ, իրենց տեղական հեռուստատեսությունից փոխանցել են Վանաձորի քաղաքապետի մի անստորագիր ու առանց ամսաթվի մի գրություն, որը հասցեագրված է եղել տարածքի սեփականատիրոջը: Այդ գրությունից բխում է, որ Վանաձորի քաղաքապետը թույլ է տվել հատելու նշված եղեևնիները, սակայն առաջարկել է դրանց փոխարեն կառուցապատումից հետո, տնկել «տուա» տեսակի ծառեր:

Պերճ Բոժուկյանը խնդրեց պարզաբանում տալ այն հարցին, թե ինչ տեղեկատվություն իրենք պետք է պահանջեն, որպեսզի սկսեն ծառերի հատման փաստով իրավաչափ ու արդյունավետ գործընթաց, որ մարմիններին և ինչպիսի պահանջներով կարող են դիմել:

Իր ելույթում Գևորգ Դանիելյանը իրազեկեց, որ մասնավոր տարածքի սեփականատիրոջ լիազորություններն անսահմանափակ չեն, ինչպես թյուրիմացաբար ընկալվում է հաճախ, սակայն իրավաչափ գործընթաց նախաձեռնելու նպատակով հարկ է առնվազն ուշադրություն դարձնել հետևյալ հարցադրումների վրա՝

1. Նախ, հարկ է պարզել տվյալ տարածքում հողհատկացման օրինականությունը: Իսկ դրա համար հարկ է նկատի ունենալ, որ տեղական ինքնակառավարման մարմինները, հողահատկացում կատարելիս, ևս պարտավոր են գործել որոշ օրենսդրական շրջանակներում: Այս դեպքում առնվազն հարկ է գրավոր հարցում ուղարկել Վանաձորի քաղաքապետին հետևյալ ենթակետերով՝

ա) ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում եւ հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաեւ սահմանում եւ փոփոխում են հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով»: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն, հիշյալ փաստաթղթերը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ղեկավարը, որն էլ հետագայում հողահատկացումներ կատարելիս, պարտավոր է ոչ միայն ղեկավարվել այդ փաստաթղթերով, այլև ստանալ համայնքի ավագանու համաձայնությունը:

Այս կապակցությամբ հարկ է Վանաձորի քաղաքապետին հարցում անելու միջոցով պարզել, թե տվյալ հողհատկացում կատարելիս հիմք ընդունվե՞լ են, արդյոք, համայնքի գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման,

բ) հողհատկացման դեպքում նախապես եղե՞լ է, արդյոք, ավագանու համաձայնությունը:

2. Հողհատկացման իրավաչափությունը պարզելու նկատառումով հարկ է նաև պարզել, թե հողհատկացման պահին չեն եղել, արդյոք, հատկացումը արգելող սահմանափակումներ: Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված են այն սահմանափակումները, որոնք բացառում են հողի հատկացումը: Նշված օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, դրանց կազմում է նաև հետևյալ սահմանափակումը. «բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»: 

Քանի որ խոսքը «Ազատամարտիկների պուրակ» կոչվող տարածքի մասին է, ապա այն ունի պուրակի կարգավիճակ, ինչը բացառում է հողհատկացումը: Այս սահմանափակման մասին տվյալները ճշտելու համար հարցումը նպատակահարմար է ուղարկել ինչպես Վանաձորի քաղաքապետին, այնպես էլ ՀՀ քաղաքաշինության նախարարություն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերին համապատասխան:

3. Ինչպես արդեն նշվեց, առկա է Վանաձորի քաղաքապետի գրավոր պատասխանը տվյալ տարածքի սեփականատիրոջը, ըստ որի՝ թույլատրվում է թվով 6 եղևնիների հատումը, պարզապես կառուցապատոիմից հետո անհրաժեշտ է դրանց փոխարեն տնկել «տուա» տեսակի ծառեր:

Այս փաստաթուղթը ստորագրված չէ և չունի  ամսաթիվ, ուստի այն իրավաչափ չէ հենց այդ հիքմով: Սակայն այն ստորագրված լինելու դեպքում էլ չէր կարող իրավաչափ համարվել, քանի որ տարածքի սեփականատիրոջը ոչ թե հողհատկացումից հետո են նմանաբնույթ թույլտվություն տալիս, այլ նախապես են սահմանում որոշակի սահմանափակումներ: Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, հողը կարող է հատկացվել. «բնապահպան պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ` կենդանական աշխարհը, հողաշերտը, հազվագյուտ բույսերը, բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանները, հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով»:

Այսպիսով, վանաձորի քաղաքապետը ոչ թե պետք է թույլ տալու լիազորություն ստանձներ, այլ նախապես սահմաներ բնապահպանական պայմաններ, օրինակ՝ իրավասու էր պարտավորեցնելու, որպեսզի կառուցապատողը տարածքում գտնվող եղևնիները հաներ արմատով և տեղափոխեր քաղաքապետի կողմից սահմանված որևէ հանրային օգտագործման տարածք:

Ընդհանրապես անհասկանալի է և սեփականատիրոջ և քաղաքապետի դիրքորոշման տրամաբանությունը հատելու առնչությամբ, այդ ծառերը թանկարժեք են, ունեն մեծ պահանջարկ, ուստի կարող էին արմատներով հանվել և առնվազն վաճառվել՝ վնաս չպատճառելով բնապահպանական ոլորտին:  

4. Նկատի ունենալով, որ խնդիրը միայն այդ 6 եղևնիների հատմամբ չի սահմանափակվում, որ հարկ է մշակել այնպիսի ռազմավարություն, որ հետագայում ևս հնարավորինս բացառվեն նմանաբնույթ խախտումները, անհրաժեշտ է քաղաքապետին ուղղված հարցման մեջ ներառել նաև հետևյալ կետը՝ նմանաբնույթ տարածքներում հողհատկացումներ կատարելիս, սահմանվե՞լ են, արդյոք, ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված օգտագործման պայմաններ, որքանով է այս դեպքում պահպանվել հայեցողական լիազորության սահմանափակման սկզբունքը, որը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:  

Ընդհանրապես, նմանաբնույթ հարցադրումներով հարկ է ընդգծել, որ քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո են գտնվելու նաև ոչ միայն ծառահատումների փաստերը, այլև հողհատկացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության իրավաչափությունը: Եթե արդյունքներով պարզվի, որ տեղական ինքնակառավարման մարմինները թույլ են տվել իրավախախտումներ, ապա առաջարկվում է դրանք մեկ անգամ ևս քննարկել «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի փորձագետների հետ, որպեսզի հստակեցվեն պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների իրավական հիմքերը և այդպիսիք ներկայացնելու եղանակները: